ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նոր հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո, ըստ ամենայնի՝ նրա տեսլականի ազդեցության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Թրամփը մի շարք անսպասելի հայտարարություններ է արել։ Այդ թվում նա գրել է, որ Ռուսաստանը «թղթե վագրի» տեսք ունի, քանի որ աննպատակ կռվում է Ուկրաինայում։ Որքանով հասկանում ենք, նախագահ Թրամփի հայտարարություններն արվել են Զելենսկու հետ շփումից հետո և, ամենայն հավանականությամբ, այն տեսլականի ազդեցության տակ, որը ներկայացրել է Զելենսկին», – ասել է նա լրագրողներին։
Պեսկովը հստակեցրել է, որ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը ամերիկյան կողմին կհասցնի Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մոսկվան կարծում է, որ պետք է արագացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա գրգռիչների քննարկման աշխատանքը, առայժմ այն դանդաղ է ընթանում:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է հասկանա՝ ամեն հաջորդ օր իր դիրքերը միայն կվատթարանան: Մոսկվան պատրաստ է երկխոսության, բայց Կիևը պասիվ դիրք է բռնել և, հավանաբար, փորձում է հովանավորներին ցույց տալ կռվելու ունակությունը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել իր շահերը:
«Ընթացող պատերազմն աննպատակ չէ, այն անհրաժեշտ է հակամարտության սկզբնապատճառները վերացնելու և անվտանգությունն ապահովելու համար», – ասել է նա:
Պեսկովը չափազանցված է անվանել պնդումները, թե ՌԴ ինքնաթիռները ներխուժել են ՆԱՏՕ-ի օդային տարածք։
Ավելի վաղ «Страна.ua» լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինան կարող է հաղթանակի հասնել «Եվրամիության օգնությամբ»։ Հաղթանակի հասնելու գործում ԱՄՆ-ի՝ Կիևին ինչ-որ կերպով օգնելու մասին Թրամփը ոչ մի բառ չի ասել։
Sputnik Արմենիա