Логотип

«Մեր ձևով» շարժումը դատապարտում է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ։

«Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մեր խորին ցավակցություն ենք հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Փարաքար համայնքի բնակիչներին»,- ասված է հայտարարության մեջ:

Գրիգորյանի սպանությունը դատապարտել են նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ։

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Գրիգորյանը «կեղծ 4-րդ Հանրապետության առաջին զոհն էր», և տեղի ունեցածը ահաբեկչական «գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն»։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, «իսկ բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության»։

«Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործներության և անպատժելիության վկայությունն է։»,- հայտարարել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի նման դեպքերը:

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ևս ցավակցել է․

«Ցավով տեղեկացա իմ գործընկեր, հայրենասեր հայ, սիրված համայնքապետ և պարզապես լավ ընկերոջ անժամանակ մահվան մասին: Ցավակցություններս Վալոդյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և համախոհներին»,- գրել է նա:

ՆԳՆ-ն սեպտեմբերի 24-ին հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։

Սա համայնքի ղեկավարի վրա հարձակման առաջին դեպքը չէ։ 2025թ․ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, զոհվել էր նրա հորաքրոջ որդին, վիրավորվել՝ ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։

Armenia Today