Логотип

Կրեմլը հաստատել է Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային համաժողովին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Փաշինյանը ծրագրում է ներկա լինել Մոսկվայում սեպտեմբերի վերջին տեղի ունենալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջոցառմանը` լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նշվում է, որ սեպտեմբերի 25-ին Պուտինը ելույթ կունենա Գլոբալ ատոմային համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին:

«Ռուսաստանի նախագահի հետ Համաժողովին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոն, Մյանմայի Միության Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Գրոսին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և որոշ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Թիենծինում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Sputnik Արմենիա