ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել.
«Վարչապետի աթոռը զբաղեցրած կապիտուլյանտի կառուցած քրեաիշխանական համակարգի գործունեության պայմաններում այլևս զարմանալի չեն անգամ ամենազարհուրելի սպանությունները, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական հակառակորդների հալածանքները՝ ընդհուպ մինչև ազատազրկում, արդարադատությանն ուղղորդելու ակնհայտ դեպքեր, իրավապահ համակարգը բացառապես սեփական շահերին ծառայեցնելու և բազմաթիվ արատավոր այլ դրսևորումներ:
Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ, ինչը ծնում է նորանոր հանցագործություններ:
Սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող, սկզբունքային համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը՝ իր իսկ տան դիմաց, անկախ պատճառներից, Հայաստանի քաղաքացիների, հատկապես ընդդիմադիր հայացքներով մարդկանց անպաշտպանության ապացույց և ուղերձ է՝ ուղարկված կրակոցներով։ Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը:
Մենք հայտարարում ենք՝ չենք լռելու և չենք նահանջելու, քանի դեռ այս կապիտուլյանտ և բարոյազուրկ իշխանություններին չենք հեռացրել:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական առողջ ուժերին, անհատներին, իրավիճակով մտահոգ մեր հասարակության բոլոր անդամներին՝ չլռել, համախմբվել և գործել անհապաղ Հայաստանի կառավարիչների մահիշխանության վերջը օր առաջ տալու համար»: