Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող դատաքննության և կայացված վերդիկտի մասով պաշտպանները քննարկում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու հարցը։ Այս մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնեն դատավճռի հրապարակումից հետո։
«Եթե դատավորն առաջին իսկ պահից այդքան կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից՝ առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու։ Եթե որոշել էր, որ արդար է լինելու, կաշկանդվելու ոչինչ չուներ։ Սա արդարադատության ձևականացում էր»,- ասաց Սարգսյանը։
Նա համեմատություն անցկացրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունների միջև։ Ըստ նրա՝ Բաքվում ևս արդարադատության ձևականացում է արվում, կան դատավորներ, պաշտպաններ, մեղավորներ, վկաները գալիս են, ցուցմունքներ են տալիս, այսինքն՝ ամեն ինչ ձևական առումով ապահովում են։
«Բայց մեկը կա՞, որ կարծում է՝ այնտեղ օրինական դատաքննություն է արվում, ձևն է ապահովվում։ Ցավոք սրտի, ՀՀ-ում հենց հիմա տեղի ունեցավ նույն գործընթացը»,- ասաց Սարգսյանը։
Sputnik Արմենիա