Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։ Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանության մասին։
«Երբ կպարզվի, որ եղել են աշխատակիցներ, ովքեր թերացել են, բնականաբար, համապատասխան որոշումներ կհետևեն»,–ասաց ոստիկանապետը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում՝ բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պետք է կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։
Լրագրողների հարցին՝ ինքը պատրա՞ստ է հրաժարական տալ, ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի և նպատակահարմար գտնեմ, պատրաստ եմ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
News.am