Логотип

Իսրայելում մի խումբ մտավորական դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասի հետ կապված զարգացումները

Իսրայելցի 20 հայտնի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Երուսաղեմի հայկական թաղամասում վերջին զարգացումները և լիակատար աջակցություն հայտնելով հայ համայնքի պայքարին՝ պաշտպանելու իր ժառանգությունն ու ներկայությունը Սուրբ քաղաքում։

 «Ի պաշտպանություն հայկական թաղամասի և Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների» վերնագրով հայտարարությունը հրապարակվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և տարածվել է երուսաղեմահայ լրագրող և ակտիվիստ Գեղամ Բալյանի կողմից։

Հայտարարությունը հրապարակվել է Xana Gardens-ի վիճահարույց հողային գործարքի շուրջ շարունակվող լարվածության և այսպես կոչված «Կովերի այգու» շուրջ փոխզիջման հասնելու վերջին ջանքերի ֆոնին, որը պատմականորեն պատկանում է Հայկական պատրիարքարանին։

Իսրայելցի հասարակական գործիչները կոչ են արել պետական ​​մարմիններին և որոշում կայացնողներին գործել «պատասխանատու, թափանցիկ և արդարության ոգով»՝ ապահովելու համար, որ Երուսաղեմը մնա համակեցության և արժանապատվության քաղաք:

Նրանք կոչ են արել ճանաչել հայկական վեհարանի իրավունքները որպես համայնքային, կրոնական և պատմական սեփականություն, որը չպետք է շահագործվի առևտրային նպատակներով առանց լայն համայնքի համաձայնության:

Հայտարարությունը ստորագրած գործիչները նաև հորդորել են պահպանել հայկական թաղամասը՝ որպես Երուսաղեմի խճանկարի և համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս: Նրանք կոչ են արել բացառել հայկական համայնքի նկատմամբ բռնությունը, սպառնալիքները, ատելության խոսքը՝ միաժամանակ խրախուսելով հարգալից համակեցությունը և բարիդրացիական հարաբերությունները:

2023թ․ հունիսին հայտնի էր դարձել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասի՝ 99 տարով վարձակալության հանձնման մասին «առեղծվածային հրեական ծագումով ավստրալիացի գործարարին՝ էլիտար շինարարության համար»։ Երուսաղեմի հայ համայնքը 2024թ․ փետրվարի 18-ին դատարան էր ներկայացրել հայց՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով։

Օգոստոսին հայկական կազմակերպություններն զգուշացրել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի՝ Xana Gardens-ի հետ նոր գործարք կնքելու մասին` գաղտնի, առանց համայնքի հավանության և հրապարակված միայն մասամբ։ Սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը վերսկսել էր Երուսաղեմի հայկական եկեղեցու սեփականության վրա քաղաքային հարկեր սահմանելու փորձը։

Armenia Today