2026 թ. ՀՀ պետական բյուջեն կառավարությունն ընդունեց։ Երկրի կարևոր փաստաթուղթը քննարկվեց և ընդունվեց առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության. նա այսօր մեկնել է Մոսկվա։ Նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով 2026 թ. պետական բյուջեի նախագիծը, նշեց, որ 2026 թ. ՀՆԱ–ն կանխատեսվել է 11 տրլ 933 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5.4 տոկոս, ՀՆԱ–ի դեֆլյատորը՝ 3 տոկոս, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլ 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլ 972 մլրդ դրամ, ծախսերը` 3 տրլ 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով կտրամադրվի 2 տրլ 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով` 704 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի մեջ կկազմի 5.9 տոկոս։
Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 4.5. տոկոսը` 2025 թվականի 5.5 տոկոսի դիմաց` միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8 տոկոս մակարդակում։
2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է 53.5 տոկոս։
«Ակնկալվում է ապահովել հարկեր–ՀՆԱ հարաբերակցության` սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով բարելավում։ Ի դեպ, 2025 թվականին 2024 թ. համեմատ 1 տոկոսային կետով բարելավում կա»,– նշեց Հովհաննիսյանը։
2026 թվականին նախատեսված կարևոր ծրագրերի շարքում նախարարը, մասնավորապես, խոստացավ, որ վերջապես կներդրվի առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգը, կշարունակվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում` բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության ծրագիրը` 55 մլրդ դրամի չափով։
Բացի այդ, 2026 թ. ամբողջ հանրապետությունում կիրարկվի 2025 թ. մեկնարկած ու ՀՀ երկու մարզում` որպես պիլոտային ծրագիր ներդրված «Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը», որի նպատակն է ՀՀ–ում հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել անապահովության մակարդակը։
9.7 մլրդ դրամ կնախատեսվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրին, 4.9 մլրդ դրամ կնախատեսվի Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման համար։
«Ակնհայտորեն այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի։ Առաջին անգամ մենք բյուջեն ներկայացնում ենք եռամյա հեռանկարով` ներկայացնելով բոլոր ծախսերը»,– վստահեցրեց Հովհաննիսյանը։
Նախարարը կառավարությունից մի քանի օր ժամանակ խնդրեց` խմբագրելու համար բյուջեի նախագծի վերջնական տարբերակը` ԱԺ ճիշտ ժամանակին ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ 2025 թ. ՀՀ պետբյուջեով ՀՆԱ–ն պետք է կազմի 10 տրլ 891 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5.1 տոկոս, եկամուտները` 2 տրլն 837 մլրդ դրամ, ծախսերը` 3 տրլն 441 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդն այս տարի պետք է պահպանվի ՀՆԱ–ի 5.5 տոկոսի մակարդակում` կազմելով 604 մլրդ դրամ:
Sputnik Արմենիա