Логотип

Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կայուն զարգանում են։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը, ըստ մեր վիճակագրության, կազմում է 11,7 միլիարդ դոլար, որը հանրապետության (Հայաստանի–խմբ.) արտաքին առևտրաշրջանառության 34 տոկոսն է կազմում։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2024 թվականի համար», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` երկկողմ հարաբերությունները զարգանում են նաև մյուս ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

«Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու և ատոմային արդյունաբերության զարգացմանը նվիրված այս միջազգային միջոցառմանը մասնակցելու համար։ Սա բնական է, քանի որ Հայաստանը երկար տարիներ ունի ատոմակայան, որը, ինչպես դուք ինքներդ նշեցիք ֆորումում, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Սա նշանակալի թիվ է՝ 30%. ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը արտադրվում է ատոմակայանի կողմից», – ասել է նՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է ատոմակայանի կյանքի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։

Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:

Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:

Sputnik Արմենիա