Բորիս Ավագյանի մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այստեղ՝ Ռուսաստանում, ոմանք անգամ մտածում են, որ իրականում նա ողջ է։ Ես ասել եմ և հիմա էլ պնդում եմ՝ նա չէր կարող ինքնասպան լինել, նա այդ մարդը չէր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Ավագյանի փաստաբան Նատալյա Չեռնիկովան։
Նրա փոխանցմամբ՝ Ավագյանի շահերը սկսել է ներկայացնել դեռ 2024 թ. գարնանը, երբ նրան մեղադրում էին մաքսատուրքերից խուսափելու համար։ «Ես նրա հետ աշխատել եմ 6 ամիս, հետագայում նա ինձանից չի հրաժարվել, բայց նաև հրավիրել է այլ պաշտպանների, քանի որ շատ պահանջկոտ էր և մեծ ուշադրություն էր պահանջում։ Նա բազմաթիվ գաղափարներ ու մտքեր ուներ։ Ես գործընթացի ամենասկզբում էի նրա հետ, ինձանից հետո այլ պաշտպաններ ևս եղել են»։
Փաստաբանը պատմեց, որ դեռ կալանավայրում, որտեղ հայտնվել էր 2021 թ.-ին, նա պատրաստակամություն էր հայտնել զորակոչվել ռուս-ուկրաինական ճակատ։ «Ես ինքս փաստաբանական հարցում եմ ուղարկել զինկոմիսարիատ, թե հնարավոր է արդյոք նրա զորակոչվելը։ Արդյունքում նա պայմանագիր էր ստորագրել ՌԴ Զինված ուժերի հետ և օգոստոսի 22-ին ազատվել էր, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Սակայն նա միայն Հայաստանի քաղաքացիություն ուներ, իսկ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել էր Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադի շրջանի դատարանի որոշմամբ։ Ես չգիտեմ, թե հետո ինչ էր տեղի ունեցել։ Դրանից հետո նրան սեպտեմբերի 18-ին բերման էին ենթարկել Սանկտ Պետերբուրգի կենտրոնական փողոցներից մեկում։ Ենթադրում եմ, որ պետք է նրա խափանման միջոցը փոխվեր, սակայն մյուս փաստաբանները պնդում են, որ նա ձերբակալված չի եղել ու չի փախչել, թեև բոլորը պնդում են, թե փախել է։ Ասել է՝ ցանկանում է գնալ ծխելու, նստել է մեքենան ու գնացել։
Բայց նախ՝ Բորիս Արմենիչը չէր ծխում, և հետո՝ նա վստահաբար ու միանշանակ չէր վախենում կալանավորվելուց։ Նա արդեն 4 տարի կալանքի տակ էր եղել։ Դատապարտվելուց հետո՝ 1 տարին 1,5 տարով էր հաշվարկվելու։ Այսինքն, կարելի է ասել, որ իր կալանքի 7 տարին արդեն նստել էր։ Եթե անգամ նրան մեղավոր ճանաչեին, առավելագույնը կարող էին դատապարտել 10 տարվա ազատազրկման, սակայն նա արդեն իր պատժի կեսից ավելին կրել էր և կարող էր կես տարի անց դուրս գալ վաղաժամ պայմանականով։ Միանշանակ պնդում եմ՝ նա կալանքից վախենալու պատճառ չուներ։
Թե ինչու էր գնացել հյուպատոսարան՝ չգիտեմ, բայց ուրիշ ո՞ւր պետք է գնար։ Նա ՀՀ քաղաքացի էր, իսկ հյուպատոսարանը ՀՀ միակ տարածքն էր։
Դիտարկմանը, թե Հայաստանում ևս քրեական հետապնդում կար նրա նկատմամբ, փաստաբանը ասաց, որ այդ մասին լսել էր Ավագյանից, սակայն որևէ փաստաթուղթ չէր տեսել։ «Ավելին, մայիսին, երբ դեռ աշխատում էի նրա հետ, ՀՀ-ից իր նկատմամբ միջազգային հետախուզում չկար և ՌԴ-ին նրան արտահանձնելու հայտ ներկայացված չէր»։
Հարցին, թե ունի՞ տեղեկություն՝ արդյոք նրա մահվան առիթով քրեական գործ հարուցվել է, թե ոչ, Չեռնիկովան պատասխանեց, որ նման տեղեկություն չունի՝ ոչ հյուպատոսարանից, ոչ ՌԴ իրավապահ մարմիններից։
Եթե իրավապահներից փախչելու պատճառ չուներ, ապա հնարավո՞ր է, որ սպառնալիքներ էր ստանում։ Ի վերջո, ինչու էր փորձում թաքնվել հյուպատոսարանում՝ փաստաբանը չգիտեր։ Նա միայն նշեց, որ սպառնալիքների մասին Ավագյանը ոչինչ իրեն չի հայտնել։
«Ինչու է գնացել դատարանից՝ չգիտեմ, գուցե դրա համար պատճառներ ուներ։ Բայց Բորիս Արմենիչը իր պլաններն ուներ, որոնց մասին գիտեր միայն ինքը։ Նա դրանցով հազվադեպ էր կիսվում։ Իսկ այն, որ գնացել էր Հայաստանի հյուպատոսարան՝ նա ՀՀ քաղաքացի էր, իսկ ո՞ւր պետք է գնար։
Ամեն դեպքում՝ ես հիմա էլ եմ պնդում, որ չեմ հավատում, թե այդպիսի մարդը կարող էր ինքնասպանություն գործել։ Նա չափազանց շատ էր սիրում կյանքը, բազմաթիվ ծրագրեր ուներ։ Կենսուրախ, կյանքով լի, խելացի, տաղանդավոր մարդ էր, որը հայտնվել էր սխալ ժամանակ՝ սխալ տեղում։ Այդպես լինում է։ Կարծում եմ՝ նա անարդարացի էր կալանավորված։ Դեռ 2015-16 թթ.-ից որոշակի տարաձայնություններ ուներ Դաշնային ծառայությունների հետ, երբ սկսել էր խոսել համակարգում առկա կոռուպցիայի մասին՝ լինելով պետական պաշտոններ զբաղեցրած անձ։ Այդ կոնֆլիկտը շատ երկար էր ձգվում։
Ես չեմ հավատում ինքնասպանությանը, քանի որ նա շատ էր սիրում իր հարազատներին, իր մայրիկին։ Բավականաչափ հավատացյալ անձ էր և գիտակից ու կրթված։ Հասկանում էր, որ ինքնասպանությունն ըստ Աստվածաշնչի՝ ամենամեծ մեղքերից մեկն է։ Վստահ չեմ, որ կարող էր լինել այնպիսի բան, որ նա նման քայլի գնար։
Ավելին, ես երբեք նրան տխուր կամ հուսահատված չեմ տեսել։ Կարող էր լինել զայրացած, գրգռված, ուրախ, բայց երբեք ապատիկ վիճակում չէի տեսել։ Նա երբեք չէր թվում, թե իր համար անելանելի իրավիճակ է։ Բայց միևնույն ժամանակ երբեք չգիտեիր՝ ինչ սպասել նրանից։ Նա անկանխատեսելի էր իր գործողություններում, ոչ ստանդարտ էր մտածում»։
Հիշեցնենք, որ հյուպատոսարանում նրա մարմինն հայտնաբերելուց ժամեր առաջ Ավագյանը կապ էր հաստատել «Փաստինֆոյի» հետ և հայտնել, որ գտնվում է ՀՀ հյուպատոսարանում ու ցանկանում է կամավոր ներկայանալ և հանձնվել իրավապահներին։ Նա նշել էր, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են կազմակերպել ՀՀ քաղաքացու արտահանձնումը։
Հատկանշական է, որ Ավագյանի՝ հյուպատոսարանում մահից հետո ՀՀ ԱԳՆ-ն այդ մասին որևէ տեղեկատվություն չէր հայտնել։ Տեղեկությունը հայտնի էր դարձել ռուսական տելեգրամյան ալիքներից, իսկ ՀՀ իրավապահները մինչ այս պահը քրեական վարույթ չեն նախաձեռնել, չնայած Ավագյանը մահացել է ՀՀ իրավազորության տարածքում։