Alpha News-ին տված հարցազրույցում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել է Փաշինյանի այցը Մոսկվա և Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հարցը։
«Կան հիմքեր՝ ենթադրելու, որ ռուսական կողմը շահագրգռված է ատոմային ոլորտում համագործակցությամբ։ Լուրջ ջանքեր են գործադրվել, որպեսզի հայկական կողմը բարեհաճորեն դիտարկի Մոսկվայի առաջարկները։ Սակայն այլ գործընկերները, մասնավորապես, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իրենց տարբերակներն են առաջարկում՝ փոքր ռեակտորներ, տեխնոլոգիական լուծումներ։ Միջուկային էներգետիկան բարձր մրցունակություն ունեցող ճյուղ է, որտեղ շատ շահեր են հատվում։ Ադրբեջանը և Թուրքիան կտրականապես դեմ են Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանը և, հավանաբար, ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Այս պայմաններում Փաշինյանի կառավարությունը գործում է բարդ իրավիճակում։ Միանշանակ լուծման բացակայությունը միանգամայն բացատրելի է. «կողմ» և «դեմ» փաստարկները դեռ երկար կկշռվեն, և գործընթացն, ամենայն հավանականությամբ, կձգձգվի»,- ասել է Արեշևը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ճնշման է ենթարկվում նրանց կողմից, ովքեր ձգտում են վերակողմնորոշել Երևանը դեպի Ադրբեջան և Թուրքիա։
«Ե՛վ ռուս, և՛ հայ փորձագետները վաղուց են ընդգծում, որ ատոմային էներգետիկան Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության առանցքային ուղղությունն է։ Տարիների ընթացքում շատ բան է արվել՝ 90-ականներին ԱԷԿ-ի փակումից մինչև երկրորդ էներգաբլոկի արդիականացումը և «Ռոսատոմ»-ի հետ փոխգործակցությունը։ Սա ոչ միայն էներգետիկա է, այլև աշխարհաքաղաքականություն։ Համագործակցությունը ճնշման է ենթարկվում նրանց կողմից, ովքեր ձգտում են Հայաստանը կտրել Ռուսաստանից և վերակողմնորոշել այն դեպի Ադրբեջան և Թուրքիա։ Ադրբեջանական գազի գնումներն այդ տրամաբանության մի մասն են, ինչի մասին խոսել են «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, ներառյալ Ալեն Սիմոնյանը։ Խնդիրներն իսկապես շատ են, և դրանք քննարկվում են բարձր մակարդակով։ Միջկառավարական հանձնաժողովի անցկացման հարցը բաց է մնում. սովորաբար այն լինում է տարեվերջին։ Այս ուղղությանը պետք է ուշադիր հետևել»,- նշել է քաղաքագետը։