44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էին, որի պարագայում այս պատերազմը չսկսված` արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,–նշել է Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով` պահեստազորի նախապես հաստատված պլանների փոխարեն իշխանությունն ընտրել էր ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը, զորքը համալրելու փոխարեն` անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
«Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի անմիջական վտանգի դեպքում պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում: Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում: Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից»,– գրել է նա:
Sputnik Արմենիա