Логотип

Հայտնի է` ինչու են Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել ԱԱԾ մեկուսարան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ կերպով ԱԱԾ մեկուսարան տեղափոխելու պատճառը եղել է բանտարկյալների շրջանում հասունացող բունտը։ Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

«Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով և բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի»,–գրում է թերթը։

Լրատվամիջոցը շեշտում է, որ Առաքելյանի որդիները ևս ներկայում անազատության մեջ են` Էջմիածնում 22-ամյա Պարգև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում:

«Խուսափելու համար հնարավոր հացադուլից և Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից»,–մանրամասնում է թերթը։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Sputnik Արմենիա