Логотип

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2024 թվականին աճել է 9%-ով

Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտուրը 2024 թվականին ավելի քան 98 մլրդ դոլար է կազմել ինչը 9%-ով գերազանցում է 2023 թվականի (90,4 մլրդ դոլար) ցուցանիշը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։

«Եթե համեմատենք 2015 թվականի հետ, այս ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է։ Անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ն աճել է 4,4%-ով, ինչը գերազանցում է տնտեսության աճի համաշխարհային միջին տեմպը», – նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա հիմնական խնդիրներից մեկը կլինի մինչև 2030 թվականը և ապագայի համար մինչև 2045 թվականը ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի պատրաստումը։

Բեկտենովն ընդգծել է, որ փաստաթղթի նախագիծը պետք է գործնական ուղղվածություն ունենա և հաշվի առնի միության երկրների իրական շահերը։

Միջազգային համագործակցության ակտիվ զարգացումը մնում է համաշխարհային տնտեսությունում միության դիրքերի ամրապնդման և սպառման շուկաների ընդլայնման կարևորագույն պայմանը։ Այս տարի տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել ԱՄԷ-ի հետ, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագիր Մոնղոլիայի հետ, ինչը նոր հնարավորություններ է բացում ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների համար։

Նա հավելել է, որ ավարտվում են բանակցությունները Ինդոնեզիայի հետ, որն ունի ավելի քան 270 մլն բնակչություն։ Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հիմնական գործընկերների հետ։ Բացի այդ, մշակվում է Հորդանանի հետ համաձայնագիր կնքելու հարցը։

Sputnik Արմենիա