Логотип

Մհեր Գրիգորյան․ Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՏՄ երկրների հետ

Հայաստանը պատրաստ է ակտիվ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ ի շահ տնտեսական համագործակցության հետագա զարգացման։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ տեսակապի միջոցով հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Երևանը ինտեգրված տեղեկատվական համակարգը դիտարկում է որպես ԵԱՏՄ արդյունավետ գործունեության տեխնոլոգիական հիմք: Ըստ նրա՝ այսօր համակարգում արդեն իսկ իրականացվում են մի շարք գործընթացներ, որոնք լիովին գործում են կամ ներդրման փուլում են: Ընդ որում, հայկական կողմի համար ռազմավարական գերակայությունը թվային առևտուրն է։

«Մենք աջակցում ենք ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի կնքման նախաձեռնությունը՝ որպես միասնական թվային շուկայի ստեղծման առանցքային քայլ։ Անհրաժեշտ ենք համարում համաձայնագրում ամրագրել իրավական կարգավորման, թվային նույնականացման, անդրսահմանային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հավատարմագրային ծառայությունների փոխադարձ ճանաչման միասնական մոտեցումները»,- ասել է նա։

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև կիբեռանվտանգության հարցերին, այդ թվում՝ սպառողների տվյալների պաշտպանությանը և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմներին: Պաշտոնական Երևանի համար տնտեսական փոխգործակցության առանցքային տարր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։

Գրիգորյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի դեպի երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը և ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր ենթակառուցվածքային նախագծերը նպատակաուղղված են հուսալի և փոխկապակցված տրանսպորտային ուղիների ստեղծմանը, որոնք ապահովում են տարածաշրջանային կայուն զարգացում և բոլոր շահագրգիռ պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդում՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Sputnik Արմենիա