Սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի համատեքստում չկա։ Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորների հարցին։ Նա հիշեցրեց ադրբեջանական կողմի պնդումները, թե ՀՀ Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և հակադարձեց։
«2024 թ. սեպտեմբերին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն առաջին միջպետական երկկողմ փաստաթուղթն էր, ՍԴ-ն արձանագրեց, որ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարը պարզաբանեց, թե ինչ կապ ունի սահմանազատումը խաղաղության համաձայնագրի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի հիմքում Ալմա Աթայի հռչակագիրն է ֆիքսված` որպես սահմանազատման բազային սկզբունք։
«Իսկ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել են խորհրդային 11 հանրապետությունները։ Արձանագրված է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, երկրորդ՝ խորհրդային հանրապետությունները` ներառյալ ՀՀ–ն ու Ադրբեջանը, իրենց խորհրդային հանրապետության տարածքներով դառնում են անկախ պետություններ և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք մեր հարաբերությունները կառուցել Ալմա Աթայի հռչակագրի վրա»,- շարունակեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագված խաղաղության համաձայնագրում էլ հղում կա Ալմա Աթայի հռչակագրին։
Sputnik Արմենիա