Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն անմիջապես ավելացրել է առևտրաշրջանառությունը 35%-ով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագիրն արդեն ակտիվորեն իրագործվում է։ Ընդ որում, մայիս ամսից մտնելով ուժի մեջ, հուլիսին արդեն տեսանելի է փոխադարձ առևտրի զգալի՝ 35 %-անոց աճ։ Շատ լուրջ թիվ է, որն ցույց է տալիս, որ համաձայնագիրն անմիջապես աշխատել է», – նշել է Ռուսաստանի փոխվարչապետը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով:
Նա նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ սպասվում է Ինդոնեզիայի հետ նմանատիպ համաձայնագրի ստորագրում: Նման փաստաթղթի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն նաև գործընկերները, մասնավորապես՝ Ուզբեկստանը (ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն)։ Օվերչուկը պարզաբանել է, որ խոսքը ԵԱՏՄ մաքսային տարանցման մասին է, որը մեծապես նպատակաուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և սահմանի անխափան անցման համար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պայմանների ստեղծմանը:
«Ընթացքի մեջ են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք իրականացվում են ու իրական դրական ազդեցություն են ունենում մեր երկրների տնտեսության զարգացման համար», – ամփոփել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ երկրները հատուկ ուշադրություն են դարձնում թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցերին, իսկ մինչև տարեվերջ կընտրվեն 3-4 նախագծեր արդյունաբերական կոոպերացիային աջակցելու նպատակով: Երկրներին հաջողվել է կոնսենսուսի գալ բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության ոլորտում պատասխանատվության միջոցների վերաբերյալ երկրների մոտեցումների մերձեցման հարցերում:
Sputnik Արմենիա