ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ ԱՄՆ դեսպանատները նվազագույնի են հասցնում իր գործունեությունը, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա»,–գրված է դեսպանատան սոցցանցի էջում։
Նշվում է, որ «Ֆեյսբուքի» մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։
Տեղեկացվում է, որ թարմացումները կլինեն գործունեության լիարժեք վերսկսումից հետո։ Դեսպանատան ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է առանց Կոնգրեսի կողմից համաձայնեցված բյուջեի, ինչը դաշնային իշխանություններին ստիպում է դադարեցնել աշխատանքը` գնալ «շաթդաունի»: Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից և ոչ մեկը:Սպիտակ տունը հանձնարարել է կառավարական հաստատություններին պատրաստվել աշխատանքի դադարեցմանը:
Sputnik Արմենիա