Գերիների եվ անհետ կորածների հարազատներն անցած մեկ տարում կոտրեցին հնարավոր բոլոր դռները՝ կառավարությունից և ԱԺ-ից մինչև ՊՆ և ԱԱԾ։ Նրանց անարձագանք թողնելն այս իշխանության անգործունակության ամենացցուն փաստն է։ Փաշինյանը թերևս չի ընկալում, որ իր քվազիպաշտոնավարումը մեր կյանքը դուրս է բերել սովորական ուղեծրից և հանգեցրել մշտական ճգնաժամային վիճակների, որի կառավարման ունակություններին, սակայն, ինքը չի տիրապետում։
Ավելին՝ այս իշխանախումբն իր անգործությամբ հանրության խոցելի հատվածին՝ գերիների և անհետ կորածների բարեկամներին, մղում է արմատականության, ընդհուպ ապօրինությունների։ Այս ֆոնին ընդդիմության գործողություններն անգամ չափից դուրս զուսպ են։ Առաջին նախագահը Քոչարյանին և Սարգսյանին մեղադրում է իշխանությունն ամեն գնով զավթելու փորձերի համար, այն դեպքում, երբ ընդդիմության մասին կես կատակ, կես լուրջ՝ կարելի է պնդել ճիշտ հակառակի՝ իշխանությունից չարամտորեն խուսափելու տարբերակը։ Միով բանիվ՝ Փաշինյանի իշխանախումբն իր վարքագծով հանրությանը մղում է անկառավարելի և չհաշվարկված գործողությունների, որոնք ինչ-որ պահի իր համար էլ կարող են դառը հետևանք ունենալ։
Հայաստանն առանց այդ մասին հայտարարելու վաղուց դադարել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր լինելուց, հրաժարվել է հակամարտության երբեմնի համապարփակ կարգավորումից և ոչ միայն կորսված տարածքներն է դիտարկում իբրև Ադրբեջանի տարածք, այլև ամբողջ Արցախն է առնվազն խոսքային մակարդակում նվիրաբերում թշնամուն։ Արցախի (ինչպես և ՀՀ-ի)՝ սահմանապահ դարձած գյուղերն ամբողջովին անպաշտպան են թշնամու առաջ և զուրկ են նվազագույն ապառազմականացված անվտանգության գոտուց։ Սա այն դեպքում, երբ ըստ կապիտուլյացիոն հայտարարության՝ խաղաղապահ զորակազմը պետք է տեղաբաշխվեր շփման գծի երկայնքով։ Թշնամու հետ հայաստանյան սահմանը ևս լրջորեն թերպաշտպանված է և չկահավորված, իսկ հաղթանդամ հատուկջոկատայինները Կութում կամ Դավիթ-Բեկում դիրք պահելու փոխարեն զբաղված են Երևանի կենտրոնում ցույց ցրելով։
Հայկական կողմը, փաստացի, անկարող է պահանջելու նույնիսկ իր կապիտուլյացիայի պահանջների ամբողջական կատարումը՝ գերիների վերադարձը և շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ալիևը վերջերս խոստովանեց, որ Փաշինյանն անգամ չի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, նրան ընդամենը տեղյակ են պահել այդ մասին, բայց նա հրաժարվել է տեսակապին մասնակցելուց։ Միգուցե փաստաթղթի կազմման բանակցություններին և՞ս չի մասնակցել։ Ամեն դեպքում, թշնամու հետ պայմանավորվածությունների իրագործումը դեռևս անավարտ է, Ադրբեջանը մեզնից նոր զիջումների ակնկալիք ունի, և Փաշինյանի տիեզերական համառությունը՝ ամեն գնով կառչելու սեփական աթոռից, ստիպում է համոզվել դրանում։