Логотип

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ԵԽԽՎ-Ն ԱՆՏԵՍՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

ԵԽԽՎ-ն աչք է փակում Հայաստանի իշխանությունների կողմից իրենց ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների վրա, որովհետև ՀՀ ԵԽԽՎ ընդդիմադիր պատգամավորներն իրենց «տնային աշխատանքը» չեն կատարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և ԵԽԽՎ պատվիրակության նախկին ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում երեկ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ԵԽԽՎ պատգամավորներից հարցեր հնչեցին հիմնականում Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին։

Մարուքյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում չեն բարձրացնում Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հարցեր։

«Ընդդիմադիր պատգամավորները Հայաստանի ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ հարցեր չեն բարձրաձայնում, չգիտես՝ ինչով են զբաղված։ Ահա դա է պատճառը, որ ԵԽԽՎ-ի ինստիտուտները՝ թե՛ Եվրոպայի խորհրդի գլխավոր հանձնակատարը մարդու իրավունքների հարցերով, թե՛ մեր համազեկուցողները և մյուս բոլոր մարմինները չեն իրազեկվում Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական չափանիշների կոպիտ ոտնահարումների մասին։ Հետևաբար, որևէ մեկը չկանգնեց ասի՝ պարոն վարչապետ, դու ի՞նչ ես բանտարկել Սամվել Կարապետյանին, դու ի՞նչ ես բանտարկել Միքայել սրբազանին, ո՞րն է պատճառը, որ դու Միքայել սրբազանի համար պահանջել ես 2.5 տարի ազատազրկում, ո՞րն է պատճառը։ Նման հարցեր չեն բարձրացնում»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց կուսակցությունն այս ուղղությամբ աշխատում է և եվրոպական տարբեր խողովակներով նամակագրության մեջ է ու տեղեկացնում է ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին։

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ նամակ է ուղարկել ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներին և մարդու իրավունքների հանձնակատարին՝ խնդրելով նրանց ուշադրություն դարձնել գործարար Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի անօրինական ձերբակալությանը։ Նա կոչ է արել ԵԽԽՎ ներկայացուցիչներին չհովանավորել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացները։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում տիրող իրավիճակի վրա և կոչ եմ անում չդառնալ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորները։ Տեղի ունեցող զարգացումները կոպտորեն ոտնահարում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին»,- գրված է Մարուքյանի նամակում։

Էդմոն Մարուքյանը եվրոպացի գործընկերներին հորդորել է ՀՀ վարչապետից պահանջել անհապաղ դադարեցնել իշխանությունների կողմից ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Sputnik Արմենիա