ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել արցախցիների ճակատագիրը, եթե նրան չի արտապատվիրակվել այդ հարցը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին, որտեղ նա հայտարարել էր, թե «փախստականների վերադարձը Ղարաբաղ իրատեսական չի համարում»։
Պատգամավորը հարց է ուղղում՝ իսկ ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե արցախցիներն ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել վերադարձի և մեր գույքը տնօրինելու իրավունքը։ Օրինակ, ի՞նչ է լինելու, եթե արցախցիները ՄԻԵԴ դիմեն և ՄԻԵԴ-ը համապատասխան որոշումներ կայացնի։
«Ի՞նչ է անելու Փաշինյանը՝ բանտարկելո՞ւ է, որ մարդիկ չվերադառնան կամ իրենց հարցը չբարձրացնեն միջազգային ատյաններում։ Բացի այդ, ինչքան ինքը զիջումների է գնում, դա ադրբեջանցիների մոտ ոչ թե պատասխան զիջումների է բերում, այլ ավելի ագրեսիվ են դառնում»,- ասաց Խաչատրյանը։
Մինչ Փաշինյանը հրաժարվում է բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, Ալիևը չի դադարում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» վերադարձի մասին խոսել։
Պատգամավորն ընդգծում է՝ խոսքը գոնե վերադարձի իրավունքի բարձրաձայնման մասին է, մինչդեռ արցախցիները նաև քաղաքական իրավունքներ ունեն, մասնավորապես` սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Խաչատրյանի խոսքով՝ թեպետ հրապարակավ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում, սակայն դրա համար որևէ լուրջ քայլ չի անում։ Արցախցիները պարբերաբար բողոքում են սոցիալական իրավիճակից, իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ են բարձրաձայնում, իսկ, օրինակ, 2023թ․ վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքներն ու տուժածներն առհասարակ անտեսված են մնացել իշխանության կողմից։
«Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում՝ թույլ չտալ, որ արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում և իրենց իրավունքները պաշտպանեն»,- նշեց պատգամավորը։
Sputnik Արմենիա