Իսրայելի ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է աշխատանքը Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է կազմակերպությունը։
«Գազա քաղաքում ռազմական գործողությունների ակտիվացումը մեզ ստիպել է ժամանակավորապես դադարեցնել մեր գրասենյակի աշխատանքը և անձնակազմին տեղափոխել Գազայի հատվածի հարավ՝ անվտանգություն և աշխատանքի շարունակականություն ապահովելու համար: Մենք մտադիր ենք Գազա քաղաք վերադառնալ, երբ պայմանները թույլ տան»,– ասված է հայտարարությունում
ԿԽՄԿ-ն միաժամանակ ընդգծել է, որ Գազա քաղաքի տասնյակհազարավոր բնակիչներ ապրում են սարսափելի պայմաններում։
«Երբ հանգամանքները թույլ տան, մենք կշարունակենք Գազայի քաղաքացիական բնակչությանն աջակցություն ցուցաբերել Դեյր Էլ Բալախում և Ռաֆախում լիարժեք գործող մեր գրասենյակներից», – հավելել է կազմակերպությունը։
Սեպտեմբերի վերջին «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունը ևս հայտնել էր, որ Իսրայելի հարձակումների պատճառով դադարեցնում է աշխատանքը Գազա քաղաքում։
Հիշեցնենք` Իսրայելը սեպտեմբերի 16-ին հայտարարեց, որ առաջխաղացում է սկսել Գազա քաղաքը ՀԱՄԱՍ-ի և նրա պաղեստինյան դաշնակից կազմավորումների զինյալներից «մաքրելու», ինչպես նաև իսրայելցի պատանդներին ուժով ազատելու համար:
Sputnik Արմենիա