Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված «Զանգեզուրի միջանցք» տերմինը չօգտագործելու հետ։
««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պատմությունն իրականում խաբեության մասին է։ Փաշինյանը կարծում է, որ եթե ինչ-որ բան չանվանես իր իսկական անունով, ապա այն իրականում գոյություն չունի։ Նա նախընտրում է «Զանգեզուրի միջանցքն» անվանել «խաղաղության խաչմերուկ»։ Նա ասում է, որ դա Հայաստանի տարածքով անցնող միջանցք չէ, այլ կարևորագույն առևտրային ճանապարհ։ Բայց իրականում Փաշինյանը համաձայնել է հենց միջանցքին՝ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով, այսինքն՝ իր տարածքի մի մասի նկատմամբ Հայաստան պետության ինքնիշխանության մասնակի կորստին»,- նշել է Պերլան:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Փաշինյանն ինքնիշխանության կորստի փաստի ժխտման քաղաքականություն է վարում:
«Այս փաստի ժխտումը տանում է Հայաստանի ինքնիշխանության մասնակի կորստի, այսօր հենց դա է Փաշինյանի և նրա կառավարության քաղաքականության էությունը։ Սակայն նա ձևացնում է, թե ինքը դա չի հասկանում։ Նա ձևացնում է, թե իր քաղաքականությունը բազմավեկտոր է։ Եվ քանի որ այն, իբր, բազմավեկտոր է, նա ռևերանսներ է անում դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի տարբեր միջազգային գործընկերներ։ Այս կերպ նա քողարկում է միանգամայն ակնհայտ փաստը, որ գործում է բացառապես ի շահ ԱՄՆ-ի և Թուրքիայի»,- եզրափակել է Պերլան: