Логотип

Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետևանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։

ԱԺ կանոնակարգի հոդված 25-ը («Քննիչ հանձնաժողովի զեկույցը») հստակ սահմանում է.

«1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հատուկ կարծիքը»:

«Սակայն «Ժողովրդի» հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել։ Իսկ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»,–գրում է թերթը:

Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլև հանձնաժողովի անդամներից։

Թերթը նաև ժամկետների խախտումն է ներկայացնում։

Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին։ Լիազորությունները երկարաձգվել էին երկու անգամ՝ 2022թ. հոկտեմբերի 5-ին և 2023թ. մայիսի 3-ին։ Սակայն հենց այդ օրը՝ 2023 թվականի մայիսի 3-ին, լրացել էր հանձնաժողովի վերջնական ժամկետը։

ԱԺ Կանոնակարգի հոդված 26-ը («Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության դադարեցում») սահմանում է.

«1. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1. Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,

2. հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:

Այս դրույթների համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը դադարել է դեռ 2023 թվականի մայիսի 3-ին, և դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։

«Անդրանիկ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հաշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի, ինչը խորհրդարանական վերահսկողության մեխանիզմին տալիս է կեղծ բնույթ։ Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի, քանի որ խախտել է ԱԺ կանոնակարգը։ Հիմա փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարևորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, Ալեն Սիմոնյանն արգելում է հրապարակել: Բայց այստեղ էլ Անդրանիկ Քոչարյանը ազնիվ չէ, քանի որ զեկույցը քննարկվելու է դռնփակ նիստում, որովհետև պարունակում է գաղտնիքներ, և հանրությունն այդպես էլ անտեղյակ կմնա բոլոր դեպքերում»,–գրում է թերթը

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։

Այս տարվա ապրիլին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։։

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։

Sputnik Արմենիա