Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ քննությունը պետք է շարունակվի և ավելի մեծ շրջանակ ընդգրկի։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
«Վալոդյան շատ կարգին մարդ էր, հարգված, նվիրված համայնքապետ, և ես կարծում եմ, որ նրա քաղաքական հաղթանակը վերջին ընտրություններում չներվեց նրան»,- ասաց Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ քննչական կոմիտեն շտապեց պաշտոնական վարկած առաջ քաշել, թե անձնական վրեժխնդրության հողի վրա է տեղի ունեցել, սակայն ո՛չ Վալոդյան, ո՛չ էլ նրա եղբայրն այնպիսի գործողություն չէին կատարել, որը կարող էր բերել այսպիսի վրեժխնդրության։
Պատգամավորի խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, անցնում է խուլիգանության գործով և փետրվարյան արյունալի դեպքերի հետ առնչություն չունի, հետևաբար, ըստ նրա, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի կողմից անպատասխանատու քայլ է հայտարարել, որ սպանությունը բացահայտված է։
Վստահ է՝ պետք է նաև քննության առարկա դառնա այն, թե ինչպես է ստացվել, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ նրա քաղաքական հակառակորդ Մհեր Ախտոյանը (Մերձավանի նախկին վարչական ղեկավար, ՔՊ-ական, որը որը 2025թ․ մարտի ընտրություններում պարտվեց Վալոդյա Գրիգորյանին– խմբ․) մեկնում է երկրից և նրան ՀՀ-ից ճանապարհում է այն նույն անձը, որը հետագայում պետք է իրականացներ այդ սպանությունը։
Պատգամավորը շեշտեց՝ այս պատմության մեջ դերակատարում ունի նաև իրավապահ համակարգի բարձիթողի վիճակը։ Իմանալով, որ համայնքում խնդիր կա՝ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել ողբերգությունը կանխելու համար։
«Բա էդ փոքր համայնքում հնարավոր չէ՞ր էդ ամեն ինչը տեսնել, թե՞ ոստիկանությունը մենակ նրա համար էր, որ եկեղեցին գրոհելու հրաման ստանա, ընդդիմադիրներին հետապնդեն»,- ասաց Գրիգորյանը։
Նա համեմատություն անցկացրեց՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար դատախազը 2 տարի և 6 ամիս ազատազրկում է պահանջում հարցազրույց տալու համար, մինչդեռ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում սպանություն կատարած անձը նախկինում ինքաձիգից կրակոցներ էր արձակել, բայց ազատության մեջ էր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա