Логотип

Հայաստանում հավելյալ 12.6 մլրդ դրամ կդրամադրվի եկամտահարկի վերադարձի համար

ՀՀ–ում հավելյալ 12.6 մլրդ դրամ կդրամադրվի հիփոթեքային վարկերի տոկոսների մարման նպատակով եկամտահարկի վերադարձի համար։ Համապատասխան որոշումն ըդնունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ 2025 թ. հունվարի 1–ից ուժի մեջ են մտել եկամտահարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, ինչի արդյունքում 2024 թ. վերջին շահառուների թիվը կտրուկ սկսեց ավելանալ, ու սա այն դեպքում, երբ 2025 թ. բյուջեն արդեն իսկ ընդունվել էր։

«2024 թվականին մոտ 50 հազար շահառու ենք ունեցել, իսկ այս տարի արդեն 62 հազար, որի արդյունքում անհրաժեշտություն է եղել միջեռամսյակային ֆինանսական միջոցների վերաբաշխում անել։ Մասնավորապես, 2025 թ. բյուջեով 84 մլրդ դրամ էինք նախատեսել այս համակարգի համար, որից հունվար–սեպտեմբերին արդեն իսկ 70 միլիարդը ծախսել ենք։ Համեմատության համար ասենք, որ սա ավելի մեծ թիվ է, քան անցած ամբողջ տարվա ցուցանիշը, որը կազմել է 69 մլրդ դրամ»,– ընդգծեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է շինարարության զարգացման միտումներին, ապա ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահի կանխատեսումներով` առաջիկա մեկ–երկու տարվա ընթացքում շինարարության տեմպի աճ կլինի, որից հետո նաև եկամտահարկի այս սահմանափակումների արդյունքում այն կվերադառնա դեպի իր բնականոն մակարդակ։

«Շինարարության աճի տեմպերի դանդաղում կլինի, սակայն նվազում չի լինի»,– վստահեցրեց Հակոբյանը։

Ըստ նրա` երբ նայում ենք մեր երկրի շինարարության կառուցվածքը, եթե մինչև 2025 թվականը կառուցապատումը հիմնականում Երևանում էր, ապա հիմա այն դիվերսֆիկացվում է և ավելի մեծ ակտիվություն է նկատվում Երևանից դուրս։

Sputnik Արմենիա