Логотип

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կմիացվի Ազգային պատկերասրահին

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կվերակազմակերպվի` միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման համաձայն կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի Սոցիալիստական մշակույթների թանգարան մասնաճյուղը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը»,– ասված է որոշման մեջ:

Կառավարությունից վստահեցնում են, որ առկա 11 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում կրճատում տեղի չի ունենալու. տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։

Վերակազմավորման արդյունքում թանգարանը կներկայացնի խորհրդային մշակույթի ձևավորման առանցքային կետերը՝ արվեստի գործերի, կենցաղային առարկաների, տեսալսողական նյութերի, նորաձևության և ճարտարապետության նորարարական և վերլուծական համադրությունների տեսքով։

Sputnik Արմենիա