Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի ժամանակ ժամկետները կրկին խախտված են եղել, բայց օրենսդիրն իր մեկնաբանությունը տվել է և դա դարձել է նախադեպ, որն այսօր խախտել չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով իրեն վերագրվող Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները խախտելու հայտարարություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը ներկայացնել սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում: Սիմոնյանի այս որոշումը լուրջ կրքեր է առաջացրել խմբակցությունում և զայրացրել պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Նա հայտարարել է, որ խոսնակը իրավունք չունի նման որոշում ընդունել, սակայն Սիմոնյանն անդրդվելի է։
«Ես ընդունում եմ, ԱԺ նախագահը ճիշտ է ասում՝ գործընթացը երկարել է, բայց նաև լուծումներ կան նույն կանոնակարգ- օրենքով։ Ես հղում եմ արել կանոնակարգ- օրենքի 7–րդ գլխի 25 և 26 հոդվածներին։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում։ Այդ մեկնաբանությունների լուծումները տրված են իմ բացատրության մեջ, որը ես նամակով ուղարկել եմ ԱԺ նախագահին։ Նշել եմ, որ Քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված են եղել, բայց օրենսդիրն իր մեկնաբանությունը տվել է։ Նախադեպ կա, դա խախտել չի կարելի։ Ցանկացած իրավաբանի հարցրեք, այդ նախադեպը գոյություն ունի։ Նախադեպը ժողովրդավարական երկրներում ինստիտուտ է»,–ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ինքը Քոչարյանից որևէ զեկույց չի ստացել, Քոչարյանը նշեց, որ ինքը զեկույցն ուղարկել է Սիմոնյանին ԱԺ քարտուղարության միջոցով։
Քոչարյանը նաև շեշտեց, որ ինքը քաղաքական խնդիր կատարվածում չի տեսնում, դա իրավական հարթության մեջ է, որն էլ լուծելի է։
Հարցին, թե իր համար ընդունելի՞ է, որ զեկույցը քննարկվի փակ լսումներով , Քոչարյանը պնդեց, որ դա իրավական առումով շատ վիճահարույց է։
«Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա և գնում է փակ լսումների, ապա ինչի չի գնում լիագումար նիստ, եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, բաց թե փակ, ինչ կարևոր է, իր հասցեն լիագումար նիստերի դահլիճն է»,–ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ քննիչ հանձնաժողովի վերջնական նպատակը որակյալ զեկույց ունենալն է, իսկ եթե ինքը պետք է ժամկետները պահպանելով միայն էջեր լրացներ, դա ոչ մի կոպեկի արժեք չէր ունենա։ Ըստ Քոչարյանի` նման կարևոր և ահռելի ծավալով զեկույցների համար առհասարակ պետք է ժամկետների սահմանումը հանել։
Նշենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը «նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չէ», իսկ այն, որ Անդրանիկ Քոչարյանը փորձում է կատարվածն այլ կերպ մեկնաբանել, դա իր խնդիրն է։
Sputnik Արմենիա