Логотип

«ՔՊ»-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58, կողմ` 26, ձեռնպահ` 2 պատգամավոր։

Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին, երբ խորհրդարանում ներկայացվում էր նախագիծը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից 300–ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:

Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգման է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը։ Ուստի նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կառավարությունից նշել էին, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:

Ավելի վաղ՝ ապրիլի 22–ին Ազգային ժողովում այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։

Sputnik Արմենիա