Логотип

««ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՇԱԲԱԹ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նույնիսկ Փաշինյանի խմբակցությունում են նկատել խաբեությունը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ի՞նչ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Պաշտոնապես հայտարարվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման, Մինսկի խմբի լուծարման խնդրանքով ԵԱՀԿ-ին ուղղված դիմումի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի Համատեղ հռչակագրի մասին, որի համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է ԱՄՆ-ի և երրորդ կողմերի հետ աշխատել իր տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակները մշակելու ուղղությամբ։

Սակայն ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում են վերապահումներով մոտենում ստորագրված փաստաթղթերին։ Հոկտեմբերի 1-ին «Հրապարակ» թերթը հայտնեց, որ «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաև իշխող թիմում։ Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պարզապես Ալիևը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրև խաղաղության համաձայնագիր և դրանով գնա ընտրության, քանի որ երևի Նիկոլից շատ է ուզում՝ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան:

Փաշինյանի թիմում կասկածներ առաջացան նաև այն ֆոնին, որ միջանցքի հարցը բարձրացվել է ԵԽԽՎ նիստում, և որ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ևս օգտագործել է «միջանցք» տերմինը։ Չնայած հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում թվացյալ իդիլիային, օրինակ, նախօրեին փաշինյանական մամուլը ցնծությամբ էր գրում այն մասին, որ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանը, և որ Turkish Airlines-ը կարող է Երևան չվերթներ սկսել։ Նույնիսկ Փաշինյանի թիմում են սկսում կասկածել, որ իրենց առաջնորդի կողմից ԱՄՆ-ում հենց միջանցքն է հանձնվել։

Ընդհանուր առմամբ, վերջին յոթ օրը կարելի է անվանել ««Զանգեզուրի միջանցքի» շաբաթ», քանի որ այս ծրագրի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպմանը հայտարարել է՝ միջանցքը կապահովի ցամաքային ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և կդառնա կարևոր քայլ, որը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը։

Ավելի ու ավելի դժվար է թաքցնել, որ Փաշինյանը օգոստոսի 8-ին հանձնել է միջանցքը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ոչ մի կասկած չպետք է լինի. վերընտրվելու դեպքում Փաշինյանն առաջին հերթին կհանձնի միջանցքը։ Ընդդիմությունը պետք է դա հասցնի ընտրողներին, ինչպես նաև առաջարկի կոմունիկացիաների գործարկման իր տարբերակը՝ ներգրավելով աշխատանքներին և ներդրումային ծրագրերին այլ տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանին և Իրանին։ Դա կնվազեցնի նախագծի կոնֆլիկտայնությունը և կթուլացնի լարվածությունը երկրների միջև, ինչը պետք է թույլ չտա, որ Հայաստանը դառնա պլացդարմ տարածաշրջանային պատերազմի համար։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News