Логотип

ՀՀ-ն Գերմանիայից 15,6 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա․ փոխվարչապետը դիտարկում ուներ

Հայաստանը Գերմանիայի կառավարությունից 15,6 մլն եվրո դրամաշնորհ կստանա։ «Տեխնիկական համագործակցության մասին» համապատասխան համաձայնագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Դրամաշնորհը կտրվի որպես Գերմանական զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկերին ուղեկցող ֆինանսավորում: Միջոցները կբաշխվեն հետևյալ կերպ` 6,1 մլն եվրո կտրամադրվի մասնագիտական կրթության և կանաչ (կենսակայուն) էներգետիկայի զարգացման համար, 3,1 մլն եվրո՝ համայնքային զարգացման համար։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ դրամաշնորհներով ֆինանսավորվող ծրագրերի արդյունքները բավարար չեն լուսաբանվում, ինչը հարցեր է առաջացնում դոնորների մոտ. պետական բյուջեում նշվում է ստացվող դրամաշնորհների ընդհանուր ծավալը, սակայն ոչ միշտ է խոսվում կոնկրետ ծրագրերի մասին։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հանձնարարեց այդպիսի տվյալներ ներառել 2026 թ. ՀՀ պետական բյուջեի վերջնական նախագծում։

Նշենք, որ ըստ ՀՀ պետական բյուջեի նախնական նախագծի՝ 2026 թվականին Հայաստանը նախատեսում է ստանալ 20,5 մլրդ դրամի դրամաշնորհ, ինչը համադրելի է 2025 թվականի ցուցանիշի հետ (20,7 մլրդ դրամ)։

Sputnik Արմենիա