Ըստ նոր հետազոտության՝ այլմոլորակային քաղաքակրթությունները տիեզերանավերի և մարսագնացների միջոցով ի վիճակի են լսելու մեր հաղորդակցությունները, և մենք, հնարավոր է, նույն կերպ հայտնաբերենք դրանք: Հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal Letters հանդեսում:
Մարսագնացին ձախ շրջվելու կամ ուղեծրային սարքին կիզակետը փոխելու հրաման տալու համար, առաքելության գիտնականները պետք է հզոր ազդանշաններ ուղղեն Արեգակնային համակարգի հարևան մոլորակներին, գրում է Planet Today-ը: Իհարկե, թիրախային մոլորակը չի «որսում» իր ուղղությամբ ուղարկված բոլոր ռադիոալիքները, ուստի ազդանշանի մի մասը կշարունակի տարածվել տիեզերքում՝ գործնականում՝ հարատև:
Ըստ Փենսիլվանիայի պետական համալսարանի և NASA-ի ռեակտիվ շարժիչի լաբորատորիայի գիտնականների անցկացրած նոր հետազոտության՝ այդ շարունակ ընդլայնվող ռադիոալիքային ուղու վրա գտնվող ամեն ինչ լավագույն դիրքում կլինի մեր կանչերը լսելու համար:
«Վերջին 20 տարիների տվյալների հիման վրա մենք պարզեցինք, որ եթե այլմոլորակային բանականությունը գտնվեր այնպիսի դիրքում, որը կարող էր դիտարկել Երկրի և Մարսի դասավորվածությունը, ապա 77 տոկոս հավանականություն կա, որ նրանք կլինեն մեր ազդանշաններից մեկի ճանապարհին՝ մեծությամբ ավելի մեծ, քան պատահական ժամանակ պատահական վայրում գտնվելու հավանականությունը»,- ասում է Փենսիլվանիայի պետական համալսարանի Փինգչենգ Ֆանը։
Խումբն ուսումնասիրել է NASA-ի խոր տիեզերական ցանցի (DSN) պահած տասնամյակների գրանցամատյանները, որոնք կապ են հաստատում Երկիր-Լուսին համակարգից դուրս գտնվող տիեզերանավի հետ։ Քանի որ մեր արեգակնային համակարգի մոլորակները պտտվում են մեկ հարթության մեջ, այս հարթության եզրին գտնվող այլմոլորակայիններն ունեն լսելու լավագույն հնարավորություն, հատկապես, եթե նրանք մեզանից 23 լուսային տարվա հեռավորության վրա են գտնվում։
Ամենաուշագրավն այն է, որ մենք կարող ենք դա օգտագործել այլմոլորակայիններին որոնելու համար։ Եթե այլ բանական քաղաքակրթություններ ևս ուսումնասիրում են մոտակա մոլորակները, ռադիոազդանշաններ ստանալու լավագույն տարբերակը կարող է լինել մոտակա համակարգեր փնտրելը, որտեղ մեր տեսանկյունից երկու մոլորակներ դասավորված են մեկ շարքի վրա։
«Սակայն, քանի որ մենք սկսել ենք բազմաթիվ էկզոմոլորակներ հայտնաբերել միայն վերջին տասից քսան տարիների ընթացքում, մենք չգիտենք երկու կամ ավելի անցումային էկզոմոլորակներով շատ համակարգերի մասին, – ասում է Ֆանը: ՆԱՍԱ-ի «Նենսի Գրեյս Ռոման» տիեզերական աստղադիտակի առաջիկա արձակմամբ ակնկալում ենք նախկինում չհայտնաբերված 100 հազար էկզոմոլորակ հայտնաբերել, հետևաբար մեր որոնման ենթադրյալ տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի»: