Логотип

Բորիս Ավագյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դեպքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անձին ինքասպանության հասցնելը)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեն այս գործը միասին քննելու թեմայով Ռուսաստանի գործընկեերի հետ քննարկումների մեջ է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24–ին Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նախորդ օրը նա փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։

Դեպքից առաջ նրան բերել էին դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար, դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: Ավագյանը մեղադրյալ էր մաքսային վճարներից խուսափելու գործով։ Ավելի ուշ գործը կասեցվել էր ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար: Սակայն հատուկ գործողության գոտի նախկին պաշտոնյան այդպես էլ չէր մեկնել, այդ պատճառով էլ դատարանին միջնորդություն էր ներկայացվել գործը վերսկսելու մասին։