Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Reflections և Dialogue մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով հոկտեմբերի 2-ին կազմակերպված միջոցառմանը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն ասաց, որ ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում և հասանելի են աշխարհի ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Նա հիշեցրեց, որ հաշված օրեր անց պարզ կդառնա՝ արդյոք մոնոօպերաները կհայտնվեն մրցանակաբաշխության կարճ ցուցակում։
«Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է համարվում, ուստի շատ կարևոր է, թե ովքեր են այն կատարում»,-շեշտեց կոմպոզիտորը։
Սարգսյանի Reflections-ը սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնոօպերա է: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան): Այն հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ստեղծելով ձայնային գոբելեն, որը թե՛ տարաժամանակ է, թե՛ արդիական։
Dialogue մոնոօպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ): Dialogue-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունն ուժի, իսկ լռությունը՝ պոռթկման հետ։
Շուշան Սարգսյանը կարևորեց այն փաստը, որ աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում։ «Այս գործերը յուրահատուկ են նաև այն առումով, որ հրաժարվել եմ տեքստից։ Մեր այբուբենի հնչյունների միաձուլման և տեղաշարժի վրա է հիմնված դրամատուրգիան։ Մեկը 10 րոպե է, մյուսը՝ 16։ Այդպիսով կոտրում ենք նաև օպերային արվեստում ընդունված կանոնները։ Ստեղծագործություններում նորարարություն կա, ուստի հայտնվել են անվանակարգում»,- նշեց կոմպոզիտորը։
Մոնոօպերաների շուրջ աշխատել է մի խումբ բարձրակարգ մասնագետների հետ։ Սարգսյանը հիշատակեց պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկիին, որն ապրում է ԱՄՆ-ում։ «Եթե նա, նրա ընկերությունն ու հավատը չլինեին, մենք չէինք կարողանա մոնոօպերաները ներկայացնել «Գրեմմի»-ի։ Մրցանակաբաշխությանը ներկայացվելու համար ստեղծագործություններն անպայման պետք է թողարկվեն ԱՄՆ-ում և հենց ԱՄՆ-ից կազմակերպությունը պետք է դրանք ներկայացնի «Գրեմմի»-ի»,- պատմեց կոմպոզիտորն ու հավելեց՝ նախագծերն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրեց, որ Շուշան Սարգսյանը մասնակցել է նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրին, և նրա նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանն ու ֆինանսավորում է ստացել։
«Երբ Շուշանն իր ստեղծագործությունները ներկայացնում է միջազգային հարթակներում, նշանակում է, որ այն, ինչ ստեղծվում է այսօր, մրցունակ է, նշանակում է՝ մենք մեկուսացված չենք, մեր երաժշտությունը, կատարողական արվեստը քարտեզագրված են, մրցունակ են, և մեր ստեղծագործողները նույն չափանիշներով որակական արդյունք են տալիս, ինչպես ցանկացած զարգացած երկրի կոմպոզիտոր, իսկ այս մրցանակաբաշխության երկար ցուցակում հայտնվելու հանգամանքը շատ կարևոր է և փաստում է, որ մեր օրերում ամեն ինչ հնարավոր է, և պետությունը կկանգնի յուրաքանչյուր ստեղծագործողի կողքին, որը կներկայանա հետաքրքիր ծրագրերով»,- ընդգծեց փոխնախարարը։
Դանիելյանը կարևորեց այն, որ Շուշան Սարգսյանի ստեղծագործություններն ունեն հայկական շունչ, սակայն կոտրված են լեզվական խոչընդոտները և հեշտությամբ են դառնում միջազգային երաժշտարվեստի կարևոր մասնիկ։
Ջութակահար Էրիկ Մանուկյանն էլ խոստովանեց՝ շատ ուրախ է նախագծի մի մասը լինել։ Վաղուց է ճանաչում Շուշան Սարգսյանին և հաճույքով է համագործակցել նրա հետ։