Логотип

Խաչատրյան․ Փաշինյանը փորձում է վերահսկել իր համար ոչ ախորժալի կուսակցություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ վերահսկի իր համար ոչ ախորժալի կուսակցություններին, քանի որ վտանգ է տեսնում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է փոխել «Կուսակցությունների մասին» ընդունված օրենքը։

Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումներ է պետք իրականացնել, որոնք կներառեն քաղաքական կուսակցությունների թափանցիկության ավելի խիստ պահանջներ, Նա նշեց, որ ժողովրդավարական և թափանցիկ չափանիշներին չհամապատասխանող կուսակցությունները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելուց։ Փաշինյանն ընդգծեց` անհրաժեշտության դեպքում պետք է փոխվի «Կուսակցությունների մասին օրենքը», որը, ի դեպ, ընդունվել է այս իշխանության օրոք։

«Վտանգ են տեսնում, ու ընտրություններին թույլ չտալու համար է, ինչպես արվել է 1995 թվականի հուլիսին»,- ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ ՀՅԴ-ն ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես՝ անդամավճարներից, ՀՅԴ համագումարներում կուսակցական քաղաքականություն է քննարկվում։

«ՔՊ կուսակցության փոխնախագահներ են եղել մարդիկ, որոնք նախկին ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական էին, իրենց կուսակցությունում կուսակցափոխները շատ են»,- ավելացրեց նա։

Խաչատրյանն ընդգծեց` ՀՅԴ-ում մեկը ելույթ չի ունենում, իսկ մնացածը` ծափահարում ու «կեցցե» գոռում, այլ մարմին են ընտրում և հանձնարարում իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։

Sputnik Արմենիա