Логотип

Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված մեղադրական վերդիկտն այլ հոդվածով էր, սակայն այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը լրիվ այլ հոդվածով դատավճիռ կարդաց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Արմինե Մելիքսեթյանը քիչ առաջ հրապարկեց դատավճիռը, ըստ որի` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալիս նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։ Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- ասաց նա։

Զոհրաբյանը շեշտեց՝ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին։ Հավելեց՝ այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։

Sputnik Արմենիա