Փաստաբանական ակադեմիան պետք է դիտարկի Արմինե Մելիքսեթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և հեռացնելու հարցը։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։
«Միքայել սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով»,- նշված է Վարդևանյանի հայտարարության մեջ։
Նա ընդգծում է՝ քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել կամ հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ:
Վարդևանյանն ակնկալում է, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած իր դիմումը և համապատասխան ընթացք կտա դրան:
Sputnik Արմենիա