Логотип

Դմիտրի ՍՈՒՍԼՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԵՄ-Ի ՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԶՈՀԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԳՆՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման ուղեգիծը, Ադրբեջանի հետ բանակցությունները և ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը, որը հնչեցրել է վարչապետ Փաշինյանը, պարտադիր չէ, որ ենթադրի եվրոպականացում։

«Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ մերձենալու համար բավական է դառնալ Ռուսաստանի թշնամին և Արևմուտքի գործիքը։ Այդ դեպքում ԵՄ-ն կսկսի խրախուսել, ճանաչել ոչ ժողովրդավարական ընտրությունները և բանակցություններ վարել անդամակցության շուրջ, չնայած չափորոշիչներին չհամապատասխանելուն»,- նշել է Սուսլովը։

Նա կարծում է, որ Հայաստանի համար նման ճանապարհը նշանակում է զոհեր և սպառնալիք նրա անվտանգությանը։

Փորձագետը նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան TRIPP նախագծի և Սյունիքի միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր վերահսկողության վերաբերյալ։

«Մոսկվայում պատրաստ չեն ավելի շատ հայրենասեր լինել Հայաստանի համար, քան հայերը։ Եթե Երևանը գտնում է, որ Թուրքիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ մերձեցումը կապահովի իր անվտանգությունը՝ դա իր ընտրությունն է։ Սակայն Ռուսաստանը չի ողջունում այս գործընթացը»,- հայտարարել է Սուսլովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը Հարավային Կովկասում, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք։ Առայժմ Ռուսաստանը զուսպ է արձագանքում, սակայն, ըստ Սուսլովի, նրա դիրքորոշումը կարող է փոխվել Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։

Alpha News