Թեհրանում գտնվող դեսպաններն ու եվրոպական առաքելությունների ղեկավարները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ի նշան Պարսից ծոցի հարցում Եվրամիության միջամտողական դիրքորոշման դեմ բողոքի, հաղորդում է Mehr-ը։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալների՝ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի (PGCC) և ԵՄ արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ տեղ գտած միջամտության և անհիմն հայտարարությունների (ներառյալ Իրանի Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ ԱՄԷ-ի անհիմն տարածքային պահանջներին աջակցությունը, ինչպես նաև Իրանի պաշտպանական և միջուկային ծրագրի վերաբերյալ արտահայտությունները) պատճառով, արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին կանել է եվրոպական դեսպաններին և հայտնել Իրանի վճռական բողոքը։
«Թախթ Ռավանչին հաստատել է Իրանի բացարձակ և անժամկետ ինքնիշխանությունը իրանական Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ՝ որպես Իրանի տարածքի անբաժանելի մաս և դատապարտել է ԵՄ-ի կողմից PGCC անդամ պետության անհիմն պահանջներին աջակցությունը՝ որպես ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու խախտում։ Նա նաև մերժել է ԵՄ-ի մեկնաբանությունները Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ՝ դրանք անվանելով բացահայտ միջամտություն Իրանի ներքին գործերին։ Ընդգծելով, որ Իրանի սեփական պաշտպանական հնարավորությունները, ներառյալ նրա հրթիռային հզորությունը, իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի մասն են։ Թախթ Ռավանչին շեշտել է, որ այդ հնարավորությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության աղբյուր են»,- նշվում է ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ։
Քննադատելով ՀԳՀԾ-ի (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր) երեք եվրոպական կողմերի (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) կողմից պարտավորությունների չկատարումը, անարդյունավետությունը և անբարեխղճությունը՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն՝ որպես ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի համակարգող, երեք եվրոպական պետությունների հետ մեկտեղ «ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև չարաշահել է վեճերի լուծման մեխանիզմը, ինչը դիվանագիտական խոչընդոտների և փակուղու է հանգեցրել»։
«Նա եզրակացրել է, որ ԵՄ-ն պետք է պատասխան տա իր կործանարար պահվածքի համար, այլ ոչ թե կրկնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն և քաղաքականապես պայմանավորված հայտարարությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։
News.am