Նարեկ Օհանյանին և Գևորգ Հարությունյանին, որոնք անցնում են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով, տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա