94 տարեկանում մահացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի հեղինակ, ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։
1964-1977 թվականներին Եղոյանը եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետ և կառուցել բնակելի շենքեր ու տասնյակի հասնող հուշակոթողներ։
Գյումրիում հայտնի նրա գործերից են նաև Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանը, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, Երկաթուղային կայարանը և Գյումրին ճանաչելի դարձնող այլ կոթողներ ու հուշարձաններ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը Գյումրին վերականգնելու համար մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել։ Եղոյանի նախագծերով վերակառուցվել է նաև երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Քչերին էր հայտնի, որ Ռաֆիկ Եղոյանը նաև գեղանկարիչ էր։ Անցած տարի «Գալերի-25» պատկերասրահում կայացել է նրա նկարների ցուցադրությունը։
Ռաֆիկ Եղոյանը ծնվել է 1931 թվականին Գյումրիում։
Sputnik Արմենիա