Логотип

Փաստաբան․ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։

Հոկտեմբերի 6-ին հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։

Փաստաբանի խոսքով` վարույթն իրականացնող մարմնին հենց առաջին պահից ներկայացված է եղել Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի մասին էպիկրիզը և հաշմանդամության կարգը։ Չնայած դրան` դատարանը, անտեսելով այդ ամենը, ընտրել է կալանավորումը որպես ծանրագույն միջոց, ինչն ուղղակիորեն հակասում է կառավարության որոշմանը, որովհետև ոչ թե մեկ, այլ մի քանի կետով ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի կրման պայմանների հետ։

«Ղուկասյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություններ՝ քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է (2-րդ փուլ)։ Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6–ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է` վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարվել է սարքի տեղադրումը` դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Այսինքն` այս պահին գործ ունենք խիստ ռիսկային իրավիճակի հետ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում»,– ասաց նա։

Փաստաբանը հավելեց, որ ինչպես ձերբակալման օրը, այնպես էլ կալանավորման օրը շտապօգնության խումբը Ղուկասյանի մոտ արձանագրել է բարձր ճնշում։

Սողոյանն ընդգծեց, որ այս պահին քայլեր է անում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդությունները բոլոր իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու առաջին իսկ հնարավորության դեպքում ներկայանա ամբուլատոր բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար։