Логотип

Ուրցաձորի նախկին համայնքապետի խափանման միջոցը կրկին փոխվել է

Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց նրա փաստաբան Վահե Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Անդրեասյանը հուլիսի 28–ից տնային կալանքի տակ էր, դատարանի այսօրվա որոշմամբ հոկտեմբերի 16–ին նրա նկատմամբ արդեն կկիրառվի վարչական հսկողություն, այն է` երկրից բացակայելու արգելք և շաբաթը մեկ անգամ պրոբացիայի համապատասխան ծառայությունում հաշվառում (դա ենթադրում է, որ առավոտյան ժամը 6։00–ից մինչև 20։00–ն նա կարող է ազատ տեղաշարժվել, ապա վերադառնալ իր մշտական բնակության վայր)։

«Դատարանն իր այս որոշմամբ ամբողջովին չի արդարացրել մեր սպասելիքները, սակայն արդեն կա դրական միտում` խափանման միջոցի փոփոխությունը»,– ընդգծեց փաստաբանը։

Հունիսի 17-ին հայտնել էինք, որ Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Հուլիսի 28–ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։