Նորվեգիայում լրջորեն քննարկում են Վաշինգտոնի կողմից հնարավոր մաքսատուրքերը և այլ ոչ բարեկամական քայլերը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանա։ Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը:
Օսլոյի Խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Նինա Գրեգերը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը ճնշում է գործադրում Նոբելյան կոմիտեի վրա՝ ընդգծելով, որ ինքն արժանի թեկնածու է:
Եվրոպացի մի պաշտոնյա, որի անունը լրատվամիջոցը չի հրապարակել, խոստովանել է, որ մրցանակն ԱՄՆ նախագահին տալը տարօրինակ ազդակ կլինի՝ հաշվի առնելով, որ հենց Թրամփն է նախաձեռնել Պենտագոնի անվանափոխումը «պատերազմի նախարարության» և առ այսօր չի դադարեցրել ընթացող կարևորագույն ռազմական հակամարտություններից ոչ մեկը, ինչպես խոստացել էր:
Փորձագետները «Reuters»-ին հայտնել են, որ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու շանս ընդհանրապես չունի:
ԱՄՆ նախագահը այս կամ այն չափով ներդրում է ունեցել կամ փորձում է ներդրում ունենալ մի քանի երկրներում ընթացող հակամարտությունների կարգավորման գործում: Նա բազմիցս հայտարարել է, որ «յոթ պատերազմ» է դադարեցրել։ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով հանդես են եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Sputnik Արմենիա