Логотип

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Էջմիածնում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման գործից

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալի՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին առնչվող գործից: Վերջինս մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Գրիգորյանի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Ըստ իրավապահների՝ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի նախկին տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907,5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Գրիգորյանի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և «օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը»:

Արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ ավելի մոտ 17 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Գեներալի ժառանգներից ապօրինի գույք բռնագանձելու պահանջ էր ներկայացվել 2022 թվականին: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020-ին։

Armenia Today