Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով: Սոցցանցերի իր էջերում գրել է ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո։
«Մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները և ԱԺ լիագումար նիստ չբերելը։ Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ»,– նշել է Մանուկյանը` հավելելով,որ փակագծեր բացել չի կարող` գաղտնիության ռեժիմից ելնելով։
Մանուկյանի խոսքով` իշխանությունների կողմից այս զեկույցի նպատակը Նիկոլ Փաշինյանի գործողությունները սրբագրելն էր, մինչդեռ, ըստ նրա, հակառակն է ստացվել։ Պատգամավորը նշել է, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության և ռազմավարական որոշումների հետ կապված ավելի շատ հարցեր են ծնվել։
«Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որևէ քննադատության չի դիմանում և զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետևանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա»,– հավելել է Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրել է, որ 2015 էջանոց զեկույցը կարդալուց հետո մի շարք հարցումներ է ուղղելու իրավապահ կառույցներին։
Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
Հոկտեմբերի 6-ին սակայն հայտնի դարձավ, որ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին՝ հաշվի առնելով այն, որ «ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում»։
Գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են ծանոթանալ զեկույցին։
44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Sputnik Արմենիա