Ադրբեջանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրու Էսաուլենկոն հիացած է Ադրբեջանի «տարածքային հարցերը լուծելու» կարողությամբ։ Մոլդովացի դիվանագետը իր հարգանքը հայտնել է APA-ին տված հարցազրույցում։
«Ադրբեջանը հետխորհրդային տարածքում առաջին երկիրն է, որն ինքնուրույն է լուծել տարածքային հարցը։ Դա, անկասկած, այդ երկրի ղեկավարի՝ նախագահ Իլհամ Ալիևի մեծ ձեռքբերումն է»,- հայտարարել է Ալեքսանդր Եսաուլենկոն։
Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն ու Մոլդովան կապված են ընդհանուր անցյալով։ «Երկու երկրներն էլ անցել են տարածքային հակամարտությունների միջով, սակայն Ադրբեջանն առաջինն է հետխորհրդային տարածքի պատմության մեջ, որը սեփական ուժերով հասել է պատմական արդարության։ Մոլդովան նույնպես հիմա քայլեր է ձեռնարկում իր տարածքային հարցերը լուծելու ուղղությամբ և այդ իմաստով Ադրբեջանի փորձը մեր համար առանձնահատուկ նշանակություն ունի»,- հայտարարել է նա։
Անհասկանալի է մնում, թե դեսպանը որ «տարածքային վեճի» մասին է խոսում։ Ըստ երևույթին, դեպի ժողովրդավարական գագաթներ ձգտող Մոլդովայի ներկայացուցիչը բարեհաջողությամբ աղավաղում է փաստերը՝ Լեռնային Ղարաբաղի անկախություն հռչակած տարածքի օկուպացիան ներկայացնելով որպես «տարածքային վեճ»։
Եթե «վեճերը» պետք է լուծվեն օկուպացիայով և բռնի տեղահանությամբ, իսկ Ադրբեջանի գործողությունները օրինակելի են, ապա սարսափելի է նույնիսկ պատկերացնել նման «ժողովրդավարության ջատագովների» համատեղ գործողությունների արդյունքը։
News.am