Логотип

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։

Միջոցառումը անցկացվում է Կոխի Սոմոն պետական նստավայրում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ:

«Տաջիկստանն իր նախագահության տարում մասնակից պետությունների և ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ սերտ փոխգործակցությամբ շարունակել է համալիր աշխատանքը նախանշված նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ», – ասել է Ռահմոնը բացման արարողության ժամանակ:

Նա նշել է, որ իրականացվել են տարբեր մակարդակի և ձևաչափի տասնյակ միջոցառումներ, առաջնահերթ ուշադրություն է դարձվել կազմակերպության գործունեության կատարելագործման գործընթացին: Շարունակվել են աշխատանքները առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման, տրանսպորտային-լոգիստիկ փոխկապակցվածության զարգացման և թվային ինտեգրման ուղղությամբ:

Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն գործնական փոխգործակցությանն առնչվող հարցեր և կորոշվեն կազմակերպության առաջնահերթ ուղղությունները առաջիկա տարիների համար: Բացի այդ, երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ: Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել մի շարք առանցքային փաստաթղթեր, այդ թվում` 2026-2030թթ. ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հաստատել «ԱՊՀ+» ձևաչափի հիմնումը և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին առընթեր դիտորդի կարգավիճակ տալը:

Sputnik Արմենիա