Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հետ կապ հաստատել չի հաջողվում։ Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ ամիսը մեկ անգամ, որպես կանոն ամսվա սկզբներին, հեռախոսազանգի հնարավորություն է տրվում, բայց այս ամիս դեռ որևէ զանգ Վիգենից չեն ստացել։
«Ես շատ-շատ անհանգստանում եմ։ Նա վատառողջ է, վախենում եմ, որ անցած ամիս հայտարարած հացադուլից հետո նրա վիճակը կարող է զգալիորեն վատթարացած լինել: Նրա կողմից հանկարծակի լռությունը խորապես տագնապալի է և կարող է վկայել, որ նա այժմ տառապում է ծանր առողջական խնդիրներով և շտապ հոսպիտալացման կարիք ունի»:
Վիգեն Էուլջեքջյանի արգենտնաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանն էլ սոցիալական իր էջերում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վիգենը կարողանա առանց հետաձգման կապ հաստատել Լիբանանի իր ընտանիքի հետ։ «Փաստաբանը նաև կոչ էր արել ընտանիքին տրամադրել Վիգենի առողջական վիճակի մասին տեղեկություններ։
Հիշեցնենք, որ վերջին հեռախոսազանգը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, որի ժամանակ Վիգենն ընտանիքին հայտնել էր, որ ինքն արդեն 20 օր է հացադուլ է հայտարարել։ Դրանից հետո ընտանիքն այլևս նրանից տեղեկություն չեն ունեցել։
46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։
Գերեվարման ընթացքում Էուլջեքջյանն արդեն երրորդ անգամ է հացադուլ հայտարարում։ 2023 թվականին նա 24 օր հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ իր գերեվարողները հրաժարվել էին թույլ տալ նրան կնոջ հետ խոսել արաբերեն՝ պնդելով, որ նա փոխարենը խոսի հայերեն՝ մի լեզվով, որը կինը չի հասկանում։
Այս տարվա մայիսին նա երկշաբաթյա հացադուլ հայտարարեց, քանի որ նրան ընդհանրապես թույլ չտվեցին զանգահարել կնոջը։ Դրանից հետո նրան թույլատրվեց զանգահարել կնոջը ամիսը մեկ անգամ։ Հունիսին նրա հեռախոսազանգը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր էր դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ։
Գերության հինգ տարիների ընթացքում Էուլջեքջյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությունների։ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» զեկույցի համաձայն՝ երբ Էուլջեքջյանը գերեվարվել էր, նրան ծեծել են մինչև գիտակցության կորուստը։ Նա նաև ենթարկվել է կեղծ մահապատժի։ Հեռուստատեսային հարցաքննությունների ժամանակ Էուլջեքջյանի ձեռքի վրա, որտեղ նախկինում խաչի դաջվածք ուներ, երևում են այրվածքներ, ինչից ենթադրվում է, որ այն այրել են։