ԵԱՀԿ-ում երեկ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, համարձակությունը հերիքել էր սա ասել միայն իրենց փոքր հավելյալ միջոցառմանը, բայց այսօր արդեն լիագումար նիստին ստացավ պատասխանը։
Այսօրվա թեման խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի խնդիրներն էին և բնականաբար անդրադարձել եմ կրկին հայ գերիների հարցին, բայց նաև Ալիևի, շարունակաբար կրկնվող, զավթողական խոսույթներին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանի մառազմին։
Իհարկե, 3 րոպեի ընթացքում բարդ է ամեն ինչ ասել, այն էլ այնպես, որ բոլորին հասկանալի ու պարզ դառնա ասելիքդ, բայց փորձել եմ»։
Գայանե Աբրահամյանը նաև կից հրապարակել է ելույթի տեսանյութը։
Նա, իր ելույթում մասնավորապես, նշել է. «Այսօր, երբ մենք խոսում ենք և քննարկում ենք խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հարցերը, չեմ կարող լռել Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների և այլ կալանավորների մասին: Ես չեմ կարող չխոսել այն ծնողների անտանելի ցավի մասին, որոնք տեսել են իրենց որդիների գերեվարման և խոշտանգումների տեսանյութերը, բայց նրանց որդիները բռնի կերպով անհետացել են: Մենք կարող ենք միայն պատկերացնել 2020 թվականից ի վեր գերեվարված հարյուրավոր հայ գերիների սարսափելի խոշտանգումները:
Նույնիսկ մեր ամենավատ մղձավանջը չի կարող արտացոլել նրանց տառապանքները Բաքվում, որտեղ նույնիսկ Կարմիր խաչին արգելված է փաստագրել բռնությունները:
Մինչդեռ, ադրբեջանական, այսպես կոչված, ՀԿ–ները՝ ԳՈՆԳՈ–ները, այստեղ խոսում են խաղաղության մասին: Այո, ես ասում եմ ԳՈՆԳՈ–ներ, քանի որ այս սենյակում բոլորը հասկանում են, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իսկապես անկախ լինել Ալիևի ռեժիմի ներքո:
Թույլ տվեք շատ հստակ լինել: Մեր հասարակության, բոլոր հայերի համար խաղաղությունը ամենամեծ ցանկությունն է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ամեն օր ապրել ենք պատերազմի ցավի և հետևանքների հետ:
Հայկական կողմն արել է հնարավոր ամեն ինչ խաղաղության գործընթացը առաջ մղելու համար՝ համաձայնելով նախապայմաններին, և այդ ամենը խաղաղության համար։ Այստեղ գտնվող ադրբեջանական գոնգոները շնորհակալություն են հայտնում Թրամփին խաղաղությանը աջակցելու համար։ Սակայն դուք ինքներդ անարգում եք Թրամփին, երբ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը կրկին սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Կրկին խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին։ Երկուսն էլ ուղղակի սպառնալիք են Հայաստանի տարածքային ամբողջականության և էքսպանսիոնիստական ծրագրերի համար։
Ավելին, հենց երեկ այս դահլիճում Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչը պնդում էր, որ Մեղրին, որը քաղաք է Հայաստանի հարավում, որը մեր դարավոր պատմության որևէ ժամանակահատվածում երբեք վիճելի տարածք չի եղել, պատկանում է Ադրբեջանին։
Այսպիսով, մինչ մենք քննարկում ենք Հելսինկիի եզրափակիչ ակտի և դրա սկզբունքների կարևորությունը, մենք լսում ենք նույն ակտի բացահայտ խախտումներ նույն բեմից: Սա պետք է անընդունելի լինի այս հաստատությունում»։
News.am